2014-ի դեկտեմբերը դեռ հիշում եք` դոլարի հետ մենամարտում դրամի արժեզրկման ու գների բարձրացման հետևանքներով: 2015-ի օգոստոսին անցյալ դեկտեմբերի իրավիճակը կրկնվում է: Սկսվեց, ինչպես միշտ, Ռուսաստանից, հաջորդ կանգառը Ղազախստանն էր, որտեղ մի քանի ժամում տենգեն 40 %-ով արժեզրկվեց, և Կենտրոնական բանկը տենգեին ազատ նավարկության ուղարկեց: Երրորդը կարող էր լինել Բելառուսը, բայց հոկտեմբերին նախագահական ընտրություններ են, Բատկան թույլ չի տա ընտրություններից առաջ նման իրավիճակ, նա կգնա Նուրսուլթան Նազարբաևի ճանապարհով՝ նախ կընտրվի, հետո ազատ կարձակի դրամը: ԵԱՏՄ քառյակից, փաստորեն, ամենահզորը Հայաստանն է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ առանց հպարտության արձանագրում է, որ Հայաստանի տնտեսությունն ունի 4 տոկոս տնտեսական աճ, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը՝ տնտեսական անկում: Բայց դա չի բացատրում, թե ինչու Հայաստանում նորից արժեզրկվում է դրամը: Իսկ դրամն արժեզրկվում է՝ ի շարունակումն ռուսական տնտեսության անկման և ռուսական տրանսֆերտների նվազման: Կրճատվել է դոլարի ներհոսքը երկիր, կրճատվել է արտահանումը, Ռուսաստան արտահանումը կատարվում է ռուբլով: ՌԴ-ից Հայաստան մտնող տրանսֆերտները գերազանցապես դոլարով էին, հիմա դոլարն այնքան թանկ է ՌԴ-ում, որ նույնիսկ ռուսական ռուբլին նախընտրելի է իբրև տրանսֆերտ: Բացի այդ՝ գազի դիմաց Հայաստանը շարունակում է վճարել դոլարով: Հայաստանը կարող է մնալ ռուսական տնտեսության փլատակների տակ՝ սա փորձագիտական գնահատական է: Համադարմանը Արևմուտքից ֆինանսական միջոցներ հայթայթելն է, որ շարունակվում է առանց արտադրական հզորություններ ստեղծելու, տնտեսության դիվերսիֆիկացման, ավելին՝ Հայաստանի կառավարությունը իր տրամադրության տակ հայտնված գումարները ծախսում է պարտքեր փակելու ու սոցիալական վճարների համար, որը լուծում է օրվա խնդիր և բազմապատկում պարտքերը: Իր վարչապետության ընթացքում Հովիկ Աբրահամյանը որևէ քայլ չի արել Հայաստանի տնտեսության վերականգնման ուղղությամբ, եթե ոչ հակառակը, որ վկայում են փակված փոքր ու միջին ձեռնարկությունները, որ հետևանք են նրա կառավարության հարկային ու սոցիալական քաղաքականության: Օգոստոսին սկսված դրամի արժեզրկումը կանգ առավ Կենտրոնական բանկի նախ 20, ապա 50 միլիոն դոլարային ինտերվենցիայի շնորհիվ: Բայց Կենտրոնական բանկը հազիվ թե Ռաբինովիչի պահարանն է, որտեղ փողը չի վերջանում: ԿԲ-ն չի կարող միայն ինտերվենցիաներով պահել դրամի կուրսը, պետք է փոխել ֆինանսական քաղաքականությունը: «Ինչպե՞ս» հարցի պատասխանը Հայաստանի կառավարությունը նորից չունի և նախընտրում է ձգել ժամանակը կամ պատճառաբանել համաշխարհային ֆինանսատնտեսական շուկաներում ստեղծված իրավիճակով, ՌԴ-Արևմուտք, Չինաստան-ԱՄՆ հարաբերություններով, Չինաստանի տնտեսական աճի, համապատասխանաբար՝ նավթի պահանջարկի նվազումով, և այլն, և այլն: Տասնյակ պատրվակներ կան այս շարքում և կոչվում են արտաքին օբյեկտիվ ներգործություններ, որոնցից Հայաստանը կախված է, բայց որոնց վրա չի կարող ներգործել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Ռուսական ռուբլու փլատակներից Աստանան ու Մինսկը փորձում են ողջ դուրս գալ՝ չկորցնելով արտահանման հնարավորությունները: Երևանը խոսում է տնտեսական աճից: Գուցե ԵԱՏՄ-ն Նոյյան տապան է, բայց դուգինանմանների ու նրանց համար, ովքեր արտահանելիք ապրանք ունեն: Մերն աշխատուժ է, որը սրընթաց կորցնում է գինն ու պահանջարկը: Եվ սա է այն տնտեսական հիմքը, որով երկիրը գնում է սահմանադրական փոփոխությունների: